Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ինչ կորցրինք և ինչ պահպանեցինք. ո՞րն է իրականությունը

Ինչ կորցրինք և ինչ պահպանեցինք. ո՞րն է իրականությունը
25.08.2025 | 13:11

«Արցախը կորցրեցինք, բայց պահպանեցիք Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը և նրա միջազգայնորեն ճանաչված տարածքը»: Այս թեզը պարզ և հստակ այժմ գտնվում է հանրային քաղաքական դիսկուրսի կենտրոնում: Ինչպես Է այն հիմնավորում և արդարացնում վարչապետն ու նրա քաղաքական թիմը և ինչպես են այն քննադատում և հակադարձում ընդդիմադիր գործիչները, մենք տեսնում և լսում ենք ամեն օր և ամեն ժամ, երկկողմանի բոլոր քաղաքական քննարկումներում և հրապարակային խոսքի մեջ: Իսկ ո՞րն է իրականությունը: Ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտությունը կանխատեսելու ունակություններ ունեցող մասնագետ լինելու համբավին, բայց կարծում եմ, որ իրականությունը հետևյալն է:

2014թ.-ին , երբ Կիևում հաղթել էր երկրորդ Մայդանը, հաստատվել էր հակառուսական վարչակարգ, որին ի պատասխան ՌԴ-ին էր միացվել Ղրիմը, Կրեմլը և Արևմուտքը նախապատրաստվում էին պատերազմի:Բայց, քանի որ, հակամարտող կողմերում կային միջուկային տերություններ, Արևմուտքը ընտրեց պատերազմի վարման նոր տեսակ՝ միջնորդավորված պատերազմ Ուկրաինայի տարածքում, ուկրաինական ժողովրդին որպես «թնդանոթի միս» օգտագործելով: Այս յուրահատուկ պատերազմում Ռուսաստանի հաջողությունը կախված էր պատժամիջոցները հաղթահարելու ձևերից ու միջոցներից: Վճռական էր հատկապես Չինաստանի, Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի և հետխորհրդային պետությունների պատժամիջոցներին չմիանալը: Այստեղից ծնվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցություն ձևավորելու և զարգացնելու կրեմլյան քաղաքականությունը: Որպեսզի պարզ լինի դրա կարևորությունը, հատկապես կնշեմ «Հարավային հոսք» գազատարի երկու ճյուղերը, որոնք Սև ծովի հատակով ռուսական գազը թուրքական տարածքներով հասցնում են համաշխարհային շուկաներ և մինչև օրս, «Հյուսիսային հոսքի» պայթեցումներից հետո, պահպանում են իրենց կարևորությունը: Տաղանդավոր Էրդողանը շատ հմուտ դիվանագիտությամբ կարողացավ օգտագործել այս խաղաքարտը և լուրջ զիջումներ կորզեց Պուտինից սիրիական և ղարաբաղյան հակամարտություններում: Հետևանքներն արդեն առկա են: Սիրիան դարձավ պրոթուրքական պրոտեկտորատ, իսկ Արցախը հայաթափվեց: Այնուամենայնիվ, հայ ժողովրդին համարելով որպես երեք հարյուր տարվա բարեկամ և հոգեհարազատ ժողովուրդ, նաև տարածաշրջանում ՌԴ-ի ռազմաքաղաքական և ինտեգրացիոն-տնտեսական միակ գործընկեր, ռուսական ղեկավարությունը աշխատում էր ելքեր գտնել այդ դաշնակցությունը չկորցնելու համար: Դրան էր նվիրված Լավրովի պլանի շրջանառումը, որը նախատեսում էր շրջակա յոթ շրջանների հանձնումից հետո Արցախում ռուսական զորքերի տեղակայում և կարգավիճակի հարցի հանում օրակարգից: Կարող եմ ենթադրել նաև, որ կարող է և եղած լինի առաջարկություն Միանալ ՌԴ-Բելառուս միությանը, որպեսզի կանխվի ադրբեջանաթուրքական որևիցե ռազմական հարձակում Հայաստանի և Արցախի վրա: Պարզ է, որ սա տանելու էր ինքնիշխանության մակարդակի որոշակի իջեցման: Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2020-23թթ., ցույց տվեցին, թե որ ուղին ընտրեց Հայաստանի գործող իշխանությունը: Եվ Արցախի կորստով ինքնիշխանության պահպանման թեզի մեջ ճշմարտություն կա: Արդարացի էր դա, թե ոչ, կասի հայ հասարակությունը 2026 թ. ընտրությունների ժամանակ՝ ծանր ու թեթև անելով 2018-2026թթ. իրադարձությունները:

Վերջում նշեմ միայն, որ նույն իրավիճակն էր 1920թ.-ին: Հայաստանը կարող էր պահպանել 70 000 քառ. կմ. տարածքը, եթե գարնանը ընդուներ խոհրդային իշխանությունը, հրաժարվեր անհեռանկար արևմտյան կողմնորոշումից և Սևրի պայմանագրից: Օհանջանյանի կառավարությունը հրաժարվեց և անփառունակ ջախջախվեց «անկախ» Հայաստանը: Մի հարյուր տարի հետո էլ պատմաբանները կգնահատեն այսօրվա քաղաքականությունը, իսկ ժողովուրդը թող ազատ մտորի և իր գնահատականը տա առաջիկա ընտրություններում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ